Առաջին անգամ վերականգնվող էներգիայի աղբյուրները աշխարհում ավելի շատ էներգիա են արտադրել, քան ածուխը։
16.11.2025
Արևային և քամու էներգիան այլևս ոչ միայն համընթաց են համաշխարհային էլեկտրաէներգիայի պահանջարկին, այլև առաջ են անցնում։ Էներգետիկ հետազոտական Ember կենտրոնի նոր վերլուծության համաձայն՝ 2025 թվականի առաջին կիսամյակում արևային և քամու էներգիայի համակցված արտադրությունը գերազանցել է համաշխարհային էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը։ Այդ փոփոխությունը հանգեցրել է թե՛ ածխի, թե՛ գազի արտադրության նվազման՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Առաջին անգամ պատմության մեջ վերականգնվող էներգիայի աղբյուրները համաշխարհային մակարդակով արտադրել են ավելի շատ էներգիա, քան ածուխը։
«Մենք տեսնում ենք վճռորոշ շրջադարձի առաջին նշանները», — ասել է Ember-ի առաջատար էլեկտրաէներգիայի վերլուծաբան Մալգոժատա Վիատրոս-Մոտիկան։ «Արևային և քամու էներգիան այժմ այնքան արագ են աճում, որ կարողանում են բավարարել աշխարհի էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը։ Սա նշանավորում է այն շրջադարձը, երբ մաքուր էներգիան սկսում է համընթաց զարգանալ պահանջարկի աճին»։
ԱՐԵՒԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՆ՝ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔՈՒՄ
2025 թվականի առաջին կիսամյակում համաշխարհային էլեկտրաէներգիայի պահանջարկը աճել է 2.6%-ով՝ ավելանալով ևս 369 ՏՎՏ/ժ նախորդ տարվա համեմատ։ Այդ աճի 83%-ը ապահովվել է արևային էներգիայի հաշվին, որը աճել է 306 ՏՎՏ/ժ-ով կամ 31%-ով։ Քամու էներգիայի կայուն աճի հետ միասին վերականգնվող աղբյուրները ոչ միայն բավարարել են պահանջարկի աճը, այլև սկսել են փոխարինել հանածո վառելիքներին։
Ածխից ստացվող էներգիայի արտադրությունը նվազել է 0.6%-ով (-31 TWh), գազինը՝ 0.2%-ով (-6 TWh), իսկ ընդհանուր հանածո վառելիքներից ստացվող արտադրությունը՝ 0.3%-ով (-27 TWh)։ Արդյունքում՝ համաշխարհային էներգետիկ հատվածի արտանետումները նվազել են 0.2%-ով։
ԳԼՈԲԱԼ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՊԱՀ
Ember-ի վերլուծությամբ սա պարզապես պատահական փոփոխություն չէ։ Արևային և քամու էներգիայի արտադրությունը այժմ այնքան արագ է աճում, որ ոչ միայն բավարարում է նոր պահանջարկը, այլև սկսում է կրճատել հանածո վառելիքներից ստացվող արտադրությունը։ Երբ ներդրումները արագանում են, Ember-ը կանխատեսում է, որ մաքուր էներգիան երկար ժամանակ կգերազանցի պահանջարկի աճը՝ մղելով հանածո վառելիքները դեպի մշտական անկում։
Սակայն առաջընթացը հավասար չէ ամբողջ աշխարհում։ Աշխարհի չորս խոշորագույն էլեկտրաէներգիայի շուկաներից՝ Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ և Եվրամիություն, երկուսում հանածո վառելիքի արտադրությունը նվազել է, իսկ մյուս երկուսում՝ աճել։
Չինաստանը մնում է մաքուր էներգիայի համաշխարհային առաջատար՝ ավելացնելով ավելի շատ արևային և քամու հզորություն, քան մնացած աշխարհը միասին վերցրած։ 2025 թվականի առաջին կիսամյակում նրա հանածո վառելիքից ստացվող արտադրությունը նվազել է 2%-ով (-58.7 TWh)։
Հնդկաստանում մաքուր էներգիայի աճը երեք անգամ գերազանցել է պահանջարկի աճը։ Էլեկտրաէներգիայի պահանջարկը բարձրացել է ընդամենը 1.3%-ով (+12 TWh)՝ զգալիորեն պակաս՝ նախորդ տարվա 9% աճի համեմատ։ Արդյունքում հանածո վառելիքից ստացվող արտադրությունը կտրուկ նվազել է՝ ածուխը՝ 3.1%-ով (-22 TWh), գազը՝ 34%-ով (-7.1 TWh)։
ԱՄՆ-ում և ԵՄ-ում, հակառակ միտում է նկատվել։ ԱՄՆ-ում պահանջարկի աճը գերազանցել է վերականգնվող էներգիայի աճի տեմպը՝ առաջացնելով հանածո վառելիքի արտադրության բարձրացում։ Իսկ ԵՄ-ում քամու և հիդրոէներգիայի ավելի թույլ արդյունքները ստիպել են ավելացնել գազի և ածխի օգտագործումը՝ պահանջարկը բավարարելու համար։
ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
Աշխարհի մոտ կեսը արդեն անցել է հանածո վառելիքից ստացվող արտադրության գագաթնակետը, և Ember-ի գնահատմամբ միտումը հստակ է՝ մաքուր էներգիան կարող է քայլել էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի հետ։ Սակայն ձեռքբերած առաջընթացը պահպանելու համար անհրաժեշտ է արագացնել արևային, քամու և մարտկոցային համակարգերի ներդրումները։
«Արևային և քամու էներգիան այլևս եզրային տեխնոլոգիաներ չեն՝ դրանք են շարժիչ ուժը համաշխարհային էներգետիկ համակարգում», — ասել է Գլոբալ Արևային Խորհրդի գործադիր տնօրեն Սոնյա Դունլոփը։ «Այն փաստը, որ վերականգնվող էներգիան առաջին անգամ գերազանցել է ածխին, պատմական շրջադարձ է։ Սակայն այս առաջընթացը պահպանելու համար կառավարությունները և արդյունաբերությունը պետք է ավելացնեն ներդրումները մաքուր էներգիայի և պահեստավորման ոլորտներում, որպեսզի մատչելի և հուսալի էներգիան հասնի բոլորին»։
Ember-ի վերլուծաբան Մալգոժատա Վիատրոս-Մոտիկան հավելել է.
«Քանի դեռ տեխնոլոգիաների գներն անընդհատ նվազում են, սա լավագույն պահն է՝ օգտվելու տնտեսական, սոցիալական և առողջապահական առավելություններից, որոնք բերում են արևային, քամու և մարտկոցային համակարգերի աճող կիրառումները»։
Եթե երբևէ մտածել եք անցնել արևային էներգիայի, ապա հենց հիմա է գործողության ժամանակը։
Որպեսզի գտնեք վստահելի և հուսալի արևային համակարգերի տեղադրող ընկերություն ձեր տարածքում՝ մրցունակ գնային առաջարկներով, ձեզ անհրաժեշտ կլինի մեկ կամ երկու օր։ Զանգեք բոլոր առաջատար կազմակերպություններին, լսեք առաջարկները, բայց առաջնորդվեք ոչ միայն գնով, այլև որակով, գործընկեր կազմակերպություններով, պատմությամբ, հետադարձ կապով։ Եվ այդ ամենը համեմատելուց հետո նոր միայն կատարեք ընտրություն։
Եկեք միասին հասնենք նրան, որ մի օր Հայաստանում ևս մաքուր էներգիան գերազանցի հանածո վառելիքներին և դառնա էներգետիկ շուկայի առաջատարը։
Աղբյուրը այստեղ՝ https://electrek.co/2025/10/06/in-a-first-renewables-generate-more-power-than-coal-globally/