am
en

Արդյո՞ք արևային կայանները վնասվում են փոթորիկների ժամանակ

25.08.2025

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՄԻՖԸ, ԹԵ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԸ ՔԱՄՈՒՆ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ

Ոչ մի էներգետիկ ենթակառուցվածք ամբողջությամբ պաշտպանված չէ ծայրահեղ եղանակային պայմաններից, սակայն արևային էներգիան ունի որոշ առավելություններ և զարգացման հնարավորություններ։

Փոթորիկ “Դարրաղ”-ը 2024 թվականի դեկտեմբերի սկզբին՝ հանգստյան օրերին մեծ հարված հասցրեց Մեծ Բրիտանիային․ երկիրը հայտնվեց ճանապարհային քաոսի, լայնածավալ հոսանքազրկումների և առնվազն երկու մահվան դեպքերի առաջ՝ ծառերի և ջրհեղեղների պատճառով։

Ուելսի հյուսիս-արևմտյան Անգլսի կղզուց մինչև Դևոնի ափեր տրվել էր քամու մասին հազվագյուտ կարմիր նախազգուշացում, ինչի հետևանքով գործարկվեց արտակարգ ահազանգման համակարգի ամենամեծ կիրառումը՝ դրա ստեղծումից ի վեր։

Վնասների ֆոնին լրատվամիջոցները ուշադրություն դարձրեցին Անգլսիում գտնվող արևային կայանի վրա, որտեղ մի շարք վահանակներ քամուց պոկվել էին ։
The Daily Mail պարբերականը հաղորդեց, որ կայանը «մասնատվել է»,որոշ կայքեր էլ այն վերնագրեցին՝ «Փոթորիկ Դարրաղը ոչնչացնում է Բրիտանիայի ամենամեծ արևային կայանը»։

Սակայն իրականում Պորթ Ուենի 50 մեգավատ հզորությամբ կայանը, որը պատկանում է ֆրանսիական EDF ընկերության բրիտանական ստորաբաժանմանը, ամենամեծը չէ․ այդ կոչմանը արժանանում է Llanwern կայանը, որը NextEnergy Capital-ինն է և ունի 75 ՄՎ հզորություն․ բավական է տարեկան ավելի քան 20․000 տան մաքուր էներգիա ապահովելու համար։ Իսկ մինչ օրս ամենամեծ թույլտրված նախագիծը՝ Cottam-ը, հասնում է հսկայական՝ 600 ՄՎ-ի։

 

ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԱՐԵՒԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ ԴԻՄԱՆԱԼ ՈՒԺԵՂ ՔԱՄՈՒՆ

 

Փոթորիկ Դարրաղը բացառիկ ուժեղ էր, ընդգծում է Solar Energy UK ասոցիացիայի գլխավոր տնօրեն Քրիս Հյուեթը․

«Սա հենց այն տեսակի ծայրահեղ եղանակն է, որի մասին գիտնականները տասնամյակներ շարունակ նախազգուշացնում էին․ և հենց վերականգնվող էներգիայի աղբյուրները, ինչպիսին արևային կայաններն են, կենսական նշանակություն ունեն գլոբալ տաքացման դեմ պայքարում»։

Թեև Պորթ Ուենի կայանում վնասները զգալի են, Հյուեթի խոսքով՝ արևային կայանների մեծ առավելություններից մեկն այն է, որ դրանք արագ են տեղադրվում, հետևաբար՝ արագ էլ վերականգնվում են։

EDF Renewables UK-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը գնահատում է վնասները և իրականացնում վերահսկվող մաքրման աշխատանքներ։ Ասոցիացիան էլ հավելում է, որ արդեն կատարվել են առաջին վերականգնողական քայլերը, և արտադրությունը կվերսկսվի, երբ դա կլինի անվտանգ։

Վերանորոգման աշխատանքները և վնասված վահանակների փոխարինումը կշարունակվեն մինչև 202 թ․ սկզբը, նշել է EDF-ի խոսնակը։

Ապակենտրոնացված համակարգը արևային էներգիան դարձնում է ավելի հզոր

Բոլոր էլեկտրակայանների ենթակառուցվածքները տարբեր աստիճաններով խոցելի են ծայրահեղ եղանակային երևույթների նկատմամբ, բայց կան պատճառներ, թե ինչու են արևային էլեկտրակայանները համեմատաբար լավ աշխատում:

«Ապակենտրոնացված լինելով՝ վերականգնվող էներգիան ավելի դիմացկուն է վնասված էլեկտրաէներգիայի ցանցերի նկատմամբ, քան կենտրոնացված, հանածո վառելիքով աշխատող էլեկտրակայանների հին մոդելը», - բացատրում է Հյուեթը։

Այնուամենայնիվ, ոլորտը սովորում է նման դեպքերից։ Solar Energy UK, Energy UK և Renewable UK-ի հետ միասին աշխատում են հասկանալու, թե ինչպես պետք է էներգետիկ համակարգը հարմարվի կլիմայական փոփոխությունների հետևանքներին։

Ամերիկայում արևային կայանները բախվում են նույնիսկ ավելի ուժեղ քամիների։ Սակայն մատակարարները տարիներ շարունակ լուծումներ են մշակում։ 2020-ին ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Ազգային Վերականգնվող Էներգիայի Լաբորատորիան հրապարակեց զեկույց, որտեղ ներկայացված են արևային կայանները քամու նկատմամբ առավել դիմացկուն դարձնելու 13 ռազմավարություններ, հատկապես՝ պտուտակների ամրության առումով։

Զեկույցում ասվում է․

«Ծանր եղանակներին դիմակայող էներգետիկ համակարգերը չափազանց կարևոր են։ Այդպիսի շրջանները կարող են մեծ օգուտ քաղել արևային էներգիայի դիմացկուն տարբերակներից։ Սակայն արդյունավետ լինելու համար համակարգը պետք է կարողանա գոյատևել եղանակային պայմաններում։ Դա նշանակում է՝ այն պետք է նախագծված, տեղադրված և սպասարկված լինի բարձր չափանիշներով։ Թեև դա կարող է հավելյալ ծախսեր առաջացնել,բայց շատ դեպքերում օգուտները գերազանցում են ծախսերը»։

Աղբյուր՝ https://www.euronews.com/green/2024/12/11/are-solar-farms-destroyed-during-storms-experts-debunk-reports-that-panels-cant-handle-the